«Վալենսիա» ընկերությունը Մյասնիկյան պողոտայի միջանկյալ մասի հողատարածքն արտոնյալ պայմաններով՝ առանց մրցույթի, վարձակալել է, իսկ վարձավճարը նրան զիջվել է, հայտնել է «Հետք»-ը։
Լրատվականը նշել է, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու և Մյասնիկյան պողոտայի միջանկյալ մասում այժմ գործող ջրային հանգստի և ժամանցի համար նախատեսված «Ջրաշխարհ» և «Ակվատեկ» համալիրները և հարևան «Վալենսիա» հյուրանոցը պատկանում են գործարար, «X գրուպի» նախագահ Խաչիկ Խաչատրյանին։
Թաղապետի գրությունից երկու շաբաթ անց քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը (1998-1999 թթ․) որոշել է բավարարել «Վալենսիա» ընկերության դիմումը և 2,7 միլիոն դոլար ներդրում կատարող տնտեսվարողին ազատել վարձավճարից։
«Երևանի քաղաքապետի 1998 թ. օգոստոսի 31-ի որոշմամբ՝ 7,9 հեկտար մակերեսով հողամասն առանց մրցույթի 50 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել։ Պետական սեփականություն հանդիսացած հողամասի վրա գտնվող կիսակառույց ջրավազանները հարակից լանջով վարձակալության է տրամադրվել հանգստի, զվարճալիքների և սպորտային համալիրի կառուցման նպատակով»,- գրել է լրատվականը։
Կայքը Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գևորգյանի և փոխքաղաքապետ Վարդանյանի 2003 թ. գրագրությունից տեղեկացել է, որ հողամասի վարձակալն այդ ժամանակ դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով իրեն օտարել 7,9 հա հողամասը և ստացել է դրական պատասխան։
«Հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար այդ ժամանակ սահմանվել է 1786 դրամ։ Օտարվող՝ 70 800 քմ-ի կադաստրային արժեքը կազմել է 126 միլիոն 457 հազար դրամ»,- նշված է կայքում։
«Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է «կասկածելի գործարքների արդյունքում»։ Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։
«Հետք»-ը նշել է, որ Գետառի հունը և դրա սպասարկման համար նախատեսված տարածքն ընդգրկված է «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում՝ ենթակա չէ սեփականաշնորհման։ Գետառի հունը «Վալենսիա» ընկերությունը վարձակալել է 1 միլիոն 200 հազար դրամով։