«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է սեպտեմբերի սկզբին նախատեսվող կարևոր հավաքի և առաջիկայում Վայոց ձորի մարզ այցելելու մասին։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի սկզբին կայանալիք հանդիպման ժամանակ ճշտելու են հետագա գործողությունները։
«Սեպտեմբերի առաջին շաբաթում մեծ հավաք ենք ունենալու, օրն էլ կիմանաք՝ երբ»,- ասել է նա։
Շարժման առաջնորդը հայտնել է նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հուլիսի 27-ին և 28-ին, Վայոց ձորի մարզ մեկնելու մասին։ Նրա խոսքով՝ հուլիսի 29-ին տեղի կունենա ավանդական հանդիպումը Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Նաև նախատեսում են գալիք շաբաթվա ընթացքում երկու բակային հանդիպում անցկացնել Երևանում։
Հուլիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Նորատուս համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր շարժման մարտավարության փոփոխության և սեպտեմբերին նախատեսվող հավաքի մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
Մանրամասները՝ տեսանյութում։