Իշխանությունը մարզային համայնքների ղեկավարներին զգուշացրել է, որ եթե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումները մարդաշատ լինեն, ապա համայնքները կզրկվեն պետական ծրագրերից, սուբսիդիաներից, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով Արարատի մարզի վարչական ղեկավարներից մեկին։
Աղբյուրը թերթին նաև հայտնել է, որ զգուշացրել են նույնիսկ թոշակառուներին, որ արքեպիսկոպոսի հետ հանդիպումներին մասակցելու դեպքում «թոշակից կզրկվեն»։
«Մարզի բնակիչներն էլ նախընտրել են անցավ գլուխները ցավի տակ չդնել։ Անգամ համոզել են ակտիվ ընդդիմադիրներին, որ չմասնակցեն հավաքներին՝ իրենց համայնքը, գյուղը չդարձնելով իշխանության թիրախ»,- հավելել է թերթը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։