Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը հրաժարվել է Սրբազան շարժման միջոցառման անցկացման համար դահլիճ տրամադրել, Facebook-ի էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա համալիրի տնօրինությանը մեղադրել է «ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպվող միջոցառումները սաբոտաժի ենթարկելու մեջ։
«Այս ընթացքում անընդհատ փորձել եմ կապ հաստատել տնօրինության հետ՝ հասկանալու մերժման պատճառները։ Ինձ հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մերժումը պատճառաբանել է այլ պայմանավորվածությունների առկայությամբ։ Առաջարկել եմ քննարկել այլ հնարավոր տարբերակներ։ Ղազարյանն առաջարկել է դրանք քննարկել հանդիպման ընթացքում, որն այդպես էլ չի կայացել վերջինիս խուսափողական վարքագծի պատճառով»,- հայտնել է Դանիելյանը։
Նա ընդգծել է, որ որևէ կերպ հնարավոր չէր դահլիճ ամրագրել Սրբազան պայքարի միջոցառման անցկացման համար։
«Ղազարյանը խոսել է նաև ՀՅԴ-ի միջոցառման անցկացման համար դահլիճ տրամադրելու մասին։ ՀՅԴ-ն պաշտոնապես դիմել էր Մարզահամերգային համալիրին՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառում անցկացնելու համար, ձեռք էր բերվել համաձայնություն, անգամ կնքվել էր պայմանագիր։ Սակայն պայմանագրի կնքումից մի քանի օր անց անտրամաբանական պատճառաբանությամբ համալիրի տնօրինությունը հրաժարվել էր սեպտեմբերի 2-ին դահլիճ տրամադրել ՀՅԴ-ին միջոցառման անցկացման համար՝ պատճառաբանելով, որ ունեն այլ նախնական պայմանավորվածություններ։ Որպես այլընտրանք՝ ներկայացրել են սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումը սեպտեմբերի 4-ին անցկացնելու տարբերակը, որը մերժվել է հասկանալի պատճառներով»,- հավելել է պատգամավորը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։ «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել էր, որ Գալստանյանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից վերսկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։