ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կայցելի Կիրանց գյուղ, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով Կիրանցում իր աղբյուրին։
Համայնքի բնակիչները թերթին փոխանցել են, որ Փաշինյանը Կիրանցում կմասնակցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցի բացմանը։
«Բնակիչները պատմել են, որ գյուղում 5 առաջին դասարանցի կա, սակայն նրանց մի մասը դպրոց չի հաճախելու հայրենի գյուղում։ Երեխաների ծնողները խիստ մտահոգ են, քանի որ դպրոցը նոր գծված սահմանից ընդամենը 40-50 մետր հեռավորության վրա է՝ ադրբեջանցի սահմանապահների թիրախում»,- գրում է թերթը:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։