«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, հրավիրված հավաքի մասին։ Նա ընդգծել է, որ այն առանցքային է լինելու։
«Այդ հավաքը լինելու է մեր հաղթանակի սկիզբը։ Այն դահլիճային պայմաններում ավելի համապարփակ, հանրահավաքային տրամադրությունից դուրս խոսելու և մեր պայքարի ճանապարհը ցույց տալու միտում ունի։ Երկրում այդ տրամադրությունն ամբողջությամբ գոյություն ունի։ Մեզ մնում է ճիշտ ճանապարհով հունավորելով, իրական լուծումներով առաջնորդվել և այս պայքարը հասցնել իր տրամաբանական եզրահանգմանը»,- ընդգծել է նա։
Օգոստոսի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ մարզահամերգային համալիրի տնօրինությունը հրաժարվել է Սրբազան շարժման միջոցառման անցկացման համար դահլիճ տրամադրել։ Նա համալիրի տնօրինությանը մեղադրել էր «ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպվող միջոցառումները սաբոտաժի ենթարկելու մեջ։
Բագրատ Սրբազանը նաև հայտնել է զրպարտության համար «Civic» կայքին դատի տալու գործի ընթացքի մասին։ «Մայիս ամսին մեզ զրպարտում էին գործակալ լինելու մեջ։ Մենք դատի տվեցինք և դատը տեղի ունեցավ մի քանի օր առաջ։ Մարդիկ եկել ու ասել են, որ ծանոթ չեն գործի նյութերին ու դատը հետաձգվել է և տեղի կունենա նոյեմբերին»,- ասել է նա։
Շարժման առաջնորդի խոսքով՝ շարժման կողմնակիցների նկատմամբ կատարված ապօրինությունների դեմ հարուցված դատական գործերը հետաձգվում են: Նա նշել է, որ դատական համակարգի մեծ մասը կոչված է ծառայելու ոչ թե պետությանը, այլ իշխանությանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։ «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել էր, որ Գալստանյանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից վերսկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։
Մանրամասները՝ տեսանյութում։