Նոյեմբերին՝ ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում, կհաստատվի Հայաստան-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, որը Հայաստանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։
Նա նշել է, որ շուտով կստեղծվի համատեղ տնտեսական կոմիտե, կմեկնարկի համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում։
«Եվրամիությունում մեր նախագահության ընթացքում Եվրոպական խաղաղության շրջանակից Հայաստանն ստացել է 10 միլիոն օգնություն»,- գրել է Հունգարիայի ԱԳ նախարարը։
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանն ու Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց երկրներում։
Ըստ Սիյարտոյի՝ նախորդ տարի երկրները ռեկորդ են սահմանել կոմերցիոն շրջանառության մեջ։
«Հուլիսին մենք գործարկել ենք ուղիղ օդային կապը մեր երկրների միջև»,- նշել է պաշտոնյան՝ ընդգծելով սեպտեմբերի 10-ին մեկնարկած վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը։
Մայիսի 6-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը և Հունգարիան պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մայրաքաղաքներում՝ Բուդապեշտում և Երևանում։
2023 թվականի հոկտեմբերի 23-ին Սիյարտոն Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ Հունգարիան Հայաստանին խնդրել է հյուպատոսություն բացելու թույլտվություն։ Նա նշել էր, որ վերսկսում են դիվանագիտական կապերը և կառուցում են այնպիսի համագործակցություն, որը կծառայի երկու երկրների շահերին: