«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի և ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների հանդիպման հիմնական թեման սեպտեմբերի 22-ին նախատեսված հավաքն էր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանրային ճնշմամբ իշխանությունից հեռացնելու հարցը, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ Գալստանյանը ներկայացրել է իր սպասելիքները, իսկ ընդդիմադիրները վերահաստատել են, որ պատրաստ են աջակցել շարժմանը թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գալստանյանն ասել է, որ ունի իշխանություններին հեռացնելու իր ծրագիրը, լավ գիտի իր անելիքները, բայց եկել է, որ ընդդիմադիր գործընկերներից լսի նրանց տեսլականը, առաջարկները։
Նա տեղեկացրել է, որ հավաքի ընթացքում ներկայացնելու է իր ծրագիրը, անդրադառնալու է այս ընթացքում իր անձի ու շարժման հասցեին հնչած բոլոր քննադատություններին, վստահեցրել է, որ բոլոր հարցերի պատասխաններն ունի և այդ պատասխաններից հետո վստահ է, որ շարժումն ավելի է «բյուրեղանալու»։
Ըստ թերթի՝ Գալստանյանը խոսել է քաղաքական աջակիցների մասին, ասել, որ նրանց շարքերը նոսրացել են, քաղաքական ուժերի վերջին հավաքներն այլևս նույն կազմով չեն ընթանում, ինչ սկզբնական շրջանում էր։
«Սրբազանն ասել է, որ այս ամիսներն իր համար փորձաքննության շրջան էին, որը պարզ դարձրեց քաղաքական ուժերից շատերի բնույթը, ցույց տվեց՝ ովքեր են իրականում իշխանության դեմ, ովքեր՝ այլ հաշվարկներ ունեն»,- նշել է Գալստանյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։ «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել էր, որ Գալստանյանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից վերսկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։