Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակից կվերսկսենք մեր ակտիվ պայքարի շրջանը՝ մտնելով ինտենսիվ փուլ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 22-ի կայացած հավաքի ժամանակ հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա տեղեկացրել է, որ պայքարի նոր փուլ սկսելու ժամկետը՝ հոկտեմբերի 2-ը, պայմանավորված է սեպտեմբերի 28-ին և 29-ին Մյուռոնօրնության և Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման արարողություններով։
«Սեպտեմբերի 23-ից մեր երիտասարդներն ամենուր տարբեր գործողություններ կիրականացնեն։ Մեր պայքարն այլընտրանք չունի»,- հավելել է արքեպիսկոպոսը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
Մանրամասները՝ տեսանյութում։