Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել երթով շարժվել դեպի Հանրային հեռուստաընկերության շենք։
«Ստի քարոզչության օջախը, թունավորման կետն իրենց ֆեյքերի ՊՈԱԿ-ի հետ միասին, չարիքի որջը գտնվում է Հանրային հեռուստաընկերություն կոչված օջախում։ Մենք գնալու ենք այնտեղ ուղիղ եթերի պահանջով և պարտադրելու ենք, որպեսզի ճշմարտության ձայնն այնտեղից հնչի»,- ասել է Գալստանյանը։
Դրանից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել շարժման առաջնորդ Գալստանյանին կամ մասնակիցներից որևէ մեկին:
Գալստանյանն ի պատասխան հայտնել է, որ ուղիղ եթերում հարցազրույց չեն ուզում։ «Մենք եթերով ուղերձ ենք ուզում։ Հարցազրույցների ժամանակը վաղուց անցել է»,- նշել է նա։
Հեռուստաընկերության մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ շենքը «հատուկ պահպանվող օբյեկտ է»։
Սեպտեմբերի 22-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակից կվերսկսեն ակտիվ պայքարի շրջանը՝ մտնելով ինտենսիվ փուլ։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
Մանրամասները՝ տեսանյութում։