ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 5 երկրներում նշանակել է Հայաստանի դեսպաններ, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Ըստ հրամանագրերի՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, միաժամանակ՝ Հրաչյա Փոլադյանը հետ է կանչվել Եգիպտոսում, Օմանում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը հետ է կանչվել Կատարում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ հետ կանչվելով Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Հոկտեմբերի 15-ին ԶԼՄ-ները հայտնել էին Իտալիայում Կարապետյանին դեսպան նշանակելու հնարավորության մասին։
Մեկ այլ հրամանագրով Բուլղարիայում դեսպանի պաշտոնը կզբաղեցնի Ծովինար Համբարձումյանը՝ հետ կանչվելով Իտալիայում, Մալթայում և Սան Մարինոյում դեսպանի պաշտոնից: Արմեն Եդիգարյանը հետ է կանչվել Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում դեսպանի պաշտոնից:
Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը համատեղության կարգով նշանակվել է Լաոսում ՀՀ դեսպան։ Ռուբեն Սողոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան։