ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, իսկ Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Պաշտոնյաները հրաժարականի դիմումներ էին ներկայացրել նոյեմբերի 18-ին։ Սանոսյանը ՏԿԵ նախարար էր նշանակվել 2021-ի օգոստոսին, իսկ Ղազարյանը ՆԳ նախարար էր նշանակվել 2023-ի հունվարին, որից առաջ՝ 2020-2023 թվականներին, զբաղեցրել էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։
Հրաժարականի դիմում էին գրել նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։
Փաշինյանը նոյեմբերի 18-ին հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։