«Սրբազան պայքար» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շարժման հիմնական սխալներ է անվանել կազմակերպչական հարցերի համար ժամանակի սղությունը և որոշ պատասխանատուների նկատմամբ վստահությունը։
«Որոշակի վստահություն ունեցել ենք այս կամ այն պատասխանատուների նկատմամբ, որոնք, ի վերջո, ինչ-որ ձևով դրանք չեն իրականացրել: Կան քաղաքական և ոչ քաղաքական ուժեր։ Ես շատ բան չեմ կարող այս մասին ասել, իմ բարոյականությունը թույլ չի տալիս խոսել դրա մասին: Չնայած պատճառներից անկախ՝ ես կրում եմ այդ պատասխանատվությունը»,- ասել է նա:
Շարժման առաջնորդը նշել է, որ իրենց շատ են մեղադրում մայիսի 9-ին հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար ժամանակ տալը։ Ըստ նրա՝ դա ճիշտ քայլ էր։
«Ես պնդում եմ, որ ճիշտ էր՝ մեկ ժամ, թե հինգ ժամ, թե մեկ օր, թե երկու, տարբերություն չկա: Դրան հաջորդած գործողություններն էին, որ նախապես մեր մտքում առկա ծրագիրն ուղղակի ժամանակային առումով խախտվեց, և մենք չհասցրեցինք այդ քայլերի հաջորդականությունը բերել այնտեղ, որտեղ պետք է: Հիմա հարկավոր է առարկել՝ ես այստեղ սխալվեցի, այնտեղ՝ սխալվեցի, ողջ ընթացքում սխալվեցի»,- հավելել է Բագրատ Սրբազանը:
Այսօր ավելի վաղ Գալստանյանը հայտարարել էր, որ «Սրբազան պայքարը» շարունակելու են 2025-ին՝ փողոցում։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
Սեպտեմբերի 22-ի հանրահավաքի ժամանակ Գալստանյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ից ակտիվ պայքար են սկսելու։ Հոկտեմբերի 30-ին «Սրբազան պայքար» շարժումը հայտարարել էր, որ Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր։
Դեկտեմբերի 7-ին շարժման առաջնորդը ՀՀ իշխանությունների նպատակ էր անվանել «դրամական հոսքեր պահպանելը»։