«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնից դիմել է ժողովրդին ամանորյա ուղերձով։
«2024 թվականի ողջ ընթացքում մենք գտնվել ենք պայքարի բովի մեջ մեր պետության պետականությանը վերականգնման, պարտության, հուսահատության ճիրաններից դուրս գալու, և այս ամենը հաղթանակի վերածելու համար։ 2024 թվականը մեզ համար եղել է նպատակամիտված մեր կյանքը դարձնելու հաղթանակի շնորհներով զարդարված, մեր հերոսների հետ նույնանալու, մեր հերոսների հաղթանակն ու երազանքը նրանց վերադարձնելու պայքարի ժամանակահատվածի։
Այս վայրից է գալիս մեր բոլոր իրագործումների թե ներշնչումը, թե կամքը, թե համառությունը, թե օրհնությունը: Մեր հերսների հետ նույնանալու ժամն է այսօր, նաև լռության կոչ ունենք, մենք կոչում ունենք այդ հաղթանակին միտված դարձնելու բոլորիս իղձերի իրականացումը»,- ասաց բողոքի ակցիայի առաջնորդը։
Նա վստահեցրել է, որ իր ղեկավարած շարժման հայտարարած հաշտեցման, ճշմարտության և արդարության համար պայքարը չի դադարել։
«Մենք այս կռվից մեկ միլիմետր անգամ չենք շեղվել և չենք շեղվելու»,- եզրափակել է Գալստանյանը։
Հոկտեմբերի 30-ին «Սրբազան պայքար» շարժումը հայտարարել էր, որ Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
Սեպտեմբերի 22-ի հանրահավաքի ժամանակ Գալստանյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ից ակտիվ պայքար են սկսելու։