Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկը» կարող է նշանակալի դեր խաղալ Եվրասիական միջազգային տրանսպորտային երթուղիներով տարանցիկ փոխադրումների ապահովման գործում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2024 թվականին ԵԱՏՄ Հայաստանի նախագահության կապակցությամբ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում:
«Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և երրորդ երկրներ ապրանքների արտահանման ուղղությամբ՝ առավելագույնի հասցնելով միջազգային կազմակերպությունների և միջազգային զարգացման ինստիտուտների հետ հարաբերությունների ներուժը։
Այս համատեքստում Հայաստանի կողմից առաջարկվող խոստումնալից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հաջող իրականացումն էական դեր կխաղա եվրասիական միջազգային տրանսպորտային ուղիներով տարանցիկ երթևեկության ապահովման նախանշված նպատակներին հասնելու գործում»,- ասել է նա և նշել, որ նախագիծը կարող է երկրները կապել ճանապարհների և երկաթգծերի, մալուխների, գազատարների և էլեկտրահաղորդման գծերի միջոցով:
Փաշինյանը նաև նշել է էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման արագացման անհրաժեշտությունը՝ ԵԱՏՄ երկրների տնտեսական գործունեության համար հավասար պայմաններ ապահովելու և միության ներսում վստահության մակարդակն ամրապնդելու համար։ Միաժամանակ, Հայաստանը մեծապես կարևորում է առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման և ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման հարցը, նշել է նա։
«Մասնավորապես, իր աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ լիաֆորմատ համաձայնագրի հետագա գործնական իրականացմանը։ Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործողության փորձը հստակ ցույց տվեց իրանական շուկայի գրավչությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները»,- հավելել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը պետք է բարձրացվի, այդ թվում՝ պրոֆեսիոնալ կադրերի ընտրության և ֆունկցիոնալության մշտական կատարելագործման միջոցով։
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ասել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն ընկալում է որպես տնտեսական ասոցիացիա, որը չունի աշխարհաքաղաքական օրակարգ։ Հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմինների նախագահությունը Ռուսաստանից անցել էր Հայաստանին։ Երևանը 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։