Այն, ինչ նախաքննական մարմինը պետք է տեղեկացներ հանրությանը, տեղեկացրել է։ Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Դավիթ Տոնոյանի ձերբակալության փաստը։ Նա նշեց, որ Տոնոյանի գործի բացահայտումով շահագրգռված են բոլորը։
«Բանակին վերաբերող որևէ մութ կողմ պետք է չլինի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ ամեն մի դղյակի քարի մեջ մի զինվորի ճակատագիր է, եթե այդ քարն առկա է, ապա բանակից է դուրս եկել։ Իսկ դա նշանակում է, որ դա կարող էր ազդել սպառազինության վրա, սպառազինություն, որը պետք է կրակեր հակառակորդին հեռացնելու համար։
Նա կարծում է, որ նախաքննության մարմինները պետք է այնքանով տեղեկատվություն տարածեն, որքան որ ճիշտ են համարում։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ ՊՆ նախկին նախարարը կալանքի տակ կմնա 2 ամիս:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:
Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։