ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին՝ գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, որը հայտարարել էր COVID-19- ի դեմ պայքարում վրացական ոչ բարվոք հակահամաճարակային համակարգի և առողջապահության մասին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին: Այդ մասին գրել է РИА Новости-ն։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանում ընդունված եւ մինչեւ հիմա COVID-19 – ի դեմ պայքարում գործող սահմանափակումներն ավելի արդյունավետ են եղել, քան Հայաստանում: Սակայն, նրա խոսքով՝ Վրաստանում հակահամաճարակային համակարգն ու առողջապահությունը տարբերվում են հայկական համակարգից՝ ոչ լավագույն կողմից։ Նրա կարծիքով՝ համաճարակային վիճակագրության վրա կարող էր ազդել մեթոդաբանության, իրականացվող թեստերի քանակի տարբերությունը։
«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երեւանում Վրաստանի դեսպանատուն եւ նախարարի անունից ափսոսանք է հայտնվել այն կապակցությամբ, որ նրա արտահայտությունները, որոնք, իր խոսքով, սխալ են մեկնաբանվել, վշտացրել են վրացի գործընկերներին, եւ որ այդ կապակցությամբ նրանք ափսոսանք են հայտնում եւ խնդրում են իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», – հայտարարել Է Զալկալիանին լրագրողներին:
Ըստ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տարածվել է Առողջապահության նախարարի հայտարարությունը, դեսպանությունն անմիջապես կապվել է հայկական կողմի հետ։
«Իհարկե, մեղմ ասած, այդ մեկնաբանությունը կոռեկտ չէր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, առավել ևս առողջապահության նախարարի նման պաշտոնյայից», – հավելել է Զալկալիանին: