Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Այս մասին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եգիպտական “Nile TV” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Աշխարհի բոլոր երկրները շատ զգույշ են եղել՝ չխթանելու էսկալացիայի հետագա սրացում, և միայն Թուրքիան էր, որ ցուցաբերում էր շատ միակողմանի մոտեցում»,- ասել է նա:
Մնացականյանը նշել է, որ հայկական կողմն ականատես է եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի, լուրեր են ստացվել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման և մեր տարածաշրջան փոխադրվելու մասին: «Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման և ագրեսիվ այս քաղաքականության նկատմամբ, որը ողջունելի չէ»,-նշել է ԱԳՆ ղեկավարը։
Նախարարի խոսքով` կրոնական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը, միասին ապրելու կարողությունը, քաղաքակրթությունների երկխոսությունը Եգիպտոսի հետ մեր երկկողմ օրակարգի կարևոր մասն են: «Հանդուրժողականության, փոքրամասնությունների և կրոնական երկխոսության պաշտպանության խթանումը, փոխադարձ հարգանքը մեր արտաքին քաղաքականության առաջնահերություններից է»,- հավելել է նախարարը: