Բաթումում հուլիսի 3-ին Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»–ն։
Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է։
«Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մե՞րն է, թե՝ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով՝ տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ գոմանցի անչափահասին դանակահարելու համար բերման է ենթարկվել մեկ անձ:
«Ալիք Մեդիա»-ն փորձել է մանրամասներ պարզել Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, սակայն, վերջիններս հրաժարվել են պաշտոնական տեղեկություն փոխանցել: