Սուխումում անցկացվել են ռուս-աբխազական հակաահաբեկչական առաջին զորավարժությունները։ Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, այդ մասին հաղորդել է Աբխազիայի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ռոբերտ Կույտը։
«Այս միջոցառումը կազմակերպված է, առաջին հերթին, արտաքին սպառնալիքների, ինչու չէ նաև ահաբեկչական բնույթի ներքին սպառնալիքների կանխարգելման համար։ Զորավարժությունների նպատակն է ավիացիայի և զրահատեխնիկայի կիրառմամբ ահաբեկիչների կողմից գրավված կառավարական շենքի ազատագրումը»,- մեջբերում է գործակալությունը։
Հանրապետության ՊԱԾ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հակաահաբեկչական վարժանքների միջոցառումները կտևեն հունվարի 27-ից մինչև փետրվարի 5-ը: Զորավարժություններին կմասնակցի մոտ 500 մարդ։