Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքովъ եթե Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնա, Հայաստանը կունենա տարածքային ամբողջականության խնդիր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։
«Ազատությունը» հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ կառավարության ղեկավարը, երբ ապրիլի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ ասել է. «Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»։
«Վարչապետը նկատի է ունեցել այն, որ 1990-ական թվականների սկզբներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցել է տարածքային կորուստներ։ Բացի այդ, 2021 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման հետևանքով խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքայիան ամբողջականությունը»,- նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։
«Ազատության» հարցին՝ արդյոք Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞, պատասխանը կարճ է՝ «այո»։
Ռադիոկայանի այն հարցին, որ խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության մասին՝ արդյո՞ք վարչապետը նկատի ունի խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում առկա հայկական անկլավի հարցը, նշվել է. «Այո, նկատի ունենալով Արծվաշենի անկլավը և այն հանգամանքը, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ և նաև հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ»,- գրված է պատասխանում։