3+3 տարածաշրջանային ձևաչափի հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում մինչև տարեվերջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիին։
Նրա խոսքով, 3+3 տարածաշրջանային ձևաչափը լավ հնարավորություն է տարածաշրջանի երկրների համար՝ համատեղ իրականացնելու տարբեր նախաձեռնություններ և համակարգելու գործողությունները։
«Այս ձևաչափի շրջանակներում մենք կարող ենք տարածաշրջանում խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Մենք առաջընթաց ենք տեսնում տարածաշրջանում նորմալացման ուղղությամբ»,- ընդգծել է դեսպանը։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ 3+3 Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին հանդիպումը։ Հանդիպումը համանախագահում էին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Ադրբեջանի ԱԳՆ՝ Խալաֆ Խալաֆովը, Հայաստանի ԱԳՆ՝ Վահե Գևորգյանը, Թուրքիայի ԱԳՆ Սեդաթ Օնալը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Ալիռեզա Խագիգյանը։ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ մնացին հանդիպմանը մասնակցելուց։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հանդես էին եկել համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությամբ։ Իրանը ողջունել է այս գաղափարը՝ հավաստիացնելով նրանց իր պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ասել է, որ Թբիլիսին չի նախատեսում մասնակցել 3+3 ձևաչափին։