Սեպտեմբերի 21-ին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել ՀՀ անկախության օրվան նվիրված լուսանկարների ցուցադրությունը։Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: