ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը կազմակերպության Մշտական խորհրդում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Բաքուն չի դիտարկի ԵԱՀԿ 2023 թվականի բյուջեի նախագիծը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այնտեղ հայտարարել են, որ ԵԱՀԿ առաքելության ուղարկումը «դուրս է Պրահայում ձեռք բերված համաձայնագրերի շրջանակներից», և հիշեցրել են, որ Ադրբեջանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով Հայաստանի տարածքում Եվրամիության քաղաքացիական առաքելության դեմ չի առարկել որպես վստահության ամրապնդման լրացուցիչ միջոց, որի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել քառակողմ հանդիպման արդյունքում:
Ադրբեջանի ներկայացուցչությունը հաջորդ տարվա բյուջեի նախագիծը չի քննարկի այնքան ժամանակ, քանի դեռ «ընթացիկ իրավիճակը չի շտկվել և չի վերականգնվել համապատասխանությունը ԵԱՀԿ փաստաթղթերին և որոշումներին», նշվում է հայտարարության մեջ:
Բաքվում ԵԱՀԿ առաքելության ուղարկումը գնահատում են որպես «Ադրբեջանի հետ համագործակցությունից հրաժարվելը» և կարծում են, որ առաքելությունը «տարածաշրջանում վստահության ստեղծման գործում ներդրում ունենալու փոխարեն հակառակ էֆեկտ կտա»:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵԱՀԿ առաքելությունը, որն ուղարկվում է Հայաստան սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակը գնահատելու համար, «չունի կազմակերպության մանդատը»: ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԱԳՆ-ն անվանել է «մասնավոր այց»։
Կարիքների գնահատման առաքելություն Հայաստան ուղարկելու ԵԱՀԿ որոշումը քննադատության է ենթարկել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆելդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների կողքին ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հարցը: