Ադրբեջանի և Վրաստանի նախագահների մամուլի ծառայությունները հրապարակել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում իրարից տարբերվող հաղորդագրությունների տարբերակներ: Այս մասին գրում է Новости-Грузия-ն:
Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Մցխեթից ոչ հեռու գտնվող Բագրատիոն-Մուխրանսկի իշխանների դղյակում: Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ այցելել է «Ղարաբաղյան խանության ժառանգության» ցուցահանդես:
Ըստ հաղորդագրության՝ ցուցահանդեսում ներկայացվել է «Ղարաբաղյան խանություն. պատմական և մշակութային ինքնություն» գիրքը, որի հեղինակը վրացի ազգաբան և գիտնական Էլդար Նադիրաձեն է։ Հաղորդվում է, որ գրքում նկարագրված են ավելի քան 300 արտեֆակտներ, որոնք ներկայումս պահվում են Վրաստանի ազգային թանգարանի ֆոնդերում:
Ինչպես գրում է պարբերականը, Վրաստանի կառավարության աշխատակազմում ո՛չ «Ղարաբաղյան խանության ժառանգությունը» ցուցահանդեսը, ո՛չ Նադիրաձեի գիրքը չեն հիշատակում։ Ղարիբաշվիլիի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ալիևի հետ նրանք «ծանոթացել են Վրաստանի ազգային թանգարանի հավաքածուում պահվող ադրբեջանական մշակութային ժառանգության նմուշների լուսանկարներին, որոնք արտացոլում են ադրբեջանցիների կենցաղն ու արհեստները տարբեր սոցիալական շերտերից»: Հաղորդվում է նաև, որ նշված հավաքածուի հայտնվելը Վրաստանում կապված է 1852 թվականին Թբիլիսիում Կովկասյան թանգարանի ստեղծման հետ։
Բացի այդ, Ալիևի այցի ընթացքում չի կայացել հանդիպում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Ինչպես հաղորդել է «Էխո Կովկասը», Վրաստանի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ իրենց չեն հայտնել Ադրբեջանի նախագահի՝ Վրաստան աշխատանքային այցի մասին:
«Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանն ու պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում պետությունների ղեկավարների այցերի ժամանակ, տեղի չի ունեցել»,- հայտնել է պարբերականը՝ մեջբերելով Զուրաբիշվիլիի վարչակազմի հաղորդագրությունը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով եղել է Վրաստանում: Սա վերջին 7 տարիների ընթացքում նրա առաջին այցն է Վրաստան։ Այցի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է ավելացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա նավթատարների միջոցով մատակարարվող նավթի ծավալները, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը հասցնել 5 մլն տոննայի։