Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին մեղադրել է սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը «չարաշահելու» մեջ:
«Անհրաժեշտ է, որ նշված առաքելության Հայաստանում գտնվելը պատրվակ չդառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու համար։ Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը լիակատար պատասխանատվություն է կրում տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող խաղաղաշինության միջոցառումների դեմ սադրանքների համար», – ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Եվրամիությունը փետրվարի 20-ին գործարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) աշխատանքը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության օպերատիվ շտաբը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: ԵՄ առաքելությունը Հայաստանում (EUMA Armenia) կներառի մինչև 100 դիտորդ։