Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների հոկտեմբերի 27-ի նիստում Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Հայաստանի մասով արված վերջին հայտարարությունները և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը:
«Ես վերադարձա Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակին՝ վերահաստատելու մեր մեծ զգոնությունն ու մտահոգությունը։ Մենք ցանկանում ենք շարունակել միջնորդական աշխատանքը այս երկու երկրների միջև։ Բայց պետք է լինի հստակ և միանշանակ աջակցության ուղերձ Հայաստանին և մասնավորապես նրա տարածքային ամբողջականությանը: Նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները և ուղարկված ազդանշանները ճիշտ ուղղությամբ չեն ընթանում»,- ասել է նա:
Մակրոնի խոսքով՝ լինի դա տարածքային ամբողջականության, թե Ադրբեջանի տարածքի շարունակականության ուժով ապահովման ցանկությունը, Ֆրանսիան զգոն կլինի:
«Պետք է ապահովել, որ 1991 թվականին ճանաչված սահմանները, որոնք կրկնվել են Պրահայի հռչակագրում, հարգվեն բանակցող բոլոր երկրների կողմից և ես ուզում եմ այստեղ վերահաստատել մեր մեծ զգոնությունը»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ Փարիզն անում է հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու Հայաստանին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Եվրոպական խորհրդի նախագահը Գրանադայում կայացած հանդիպումից հետո ընդգծել էին «իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»։