ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՀԿ-ների միջոցով Հայաստանի ներքին իրավիճակի վրա ազդելու ԱՄՆ-ի փորձերի մասին:
«Նրանք կուսակցական գիծ են տանում, այն էլ՝ մեկ, և այս գիծն ուղղակիորեն ազդելու է այն երկրների գործընթացների վրա, որտեղ գործում են այդ հասարակական կազմակերպությունները»,- Մոսկվայում ընթացող «Պրիմակովյան ընթերցումներ» գիտափորձագիտական ֆորումում ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող հազարավոր կազմակերպություններ կան ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային այլ երկրներում։
Նոյեմբերի 24-ին քաղաքացիների ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ-ին համարել ու համարում են բարեկամ երկիր։ «Ամեն ինչ կանենք, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կառուցենք փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հարգելու, ինքնիշխանությունը անկախությունը հարգելու տրամաբանության մեջ»,- ընդգծել էր վարչապետը։
Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը: