Ամերիկացի սենատոր Բեն Քարդինը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Բաքվին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար, հաղորդում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։
«Չնայած Ադրբեջանը դեռևս պահպանում է 2023 թվականի սեպտեմբերի 20-ի զինադադարի պայմանները, ես խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական օգուտների հասնելու համար՝ հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված»,- ասված է սենատորի նամակում։
Քարդինը կոչ է արել Բլինքենին խոսել այն քայլերի մասին, որոնք Վաշինգտոնը նախատեսում է ձեռնարկել՝ Ադրբեջանի պաշտոնյաներին ռազմական հանցագործություններին մասնակցելու համար պատասխանատվության ենթարկելու նպատակով, ինչպես նաև օգնելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին:
Նա առաջարկել է պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցի քաղաքական գործիչների նկատմամբ։ Սենատորն ընդգծել է, որ սեպտեմբերյան հարձակումը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի բացահայտ խախտում էր, այլև ուղեկցվում էր խաղաղ բնակչության դեմ վայրագություններով։ Նա նաև հիշեցրել է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր հանրապետության դաժան շրջափակումը և Ղարաբաղում իրենց տները հարկադրված լքած հայերի ծանր վիճակը։
«Կարևոր է, որ Միացյալ Նահանգները շարունակի պահպանել իր պարտավորությունները՝ կանխելու վայրագությունները, պաշտպանելու խոցելի քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր պատասխանատու են իրենց գործողությունների համար: Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր հավատում են, որ կարող են անպատիժ գործել»,- եզրափակել է Քարդինը:
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել էր S 3000 օրինագիծը՝ «Հայաստանի պաշտպանության մասին 2023 թվականի ակտը», որով կասեցվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ 60 օրենսդիրներ Կոնգրեսի առաջնորդներին կոչ էին արել օրինագծում ներառել 10 միլիոն դոլար հավելյալ ֆինանսավորում Հայաստանի անվտանգությանն օժանդակելու համար: