Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով և կաշխատի հանրապետության ցանկացած իշխանության հետ, գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն, ասել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հերթական բողոքի ցույցերն սկսվել են մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի տարբեր մարզերում։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ Տավուշի մարզում Բաքվի և Երևանի սահմանի սահմանազատման պատճառով»,- գրել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ Հայաստանը «իրենց գործընկերն է ՀԱՊԿ-ում, թեև վերջին շրջանում ավելի ու ավելի են խոսում այդ կառույցից դուրս գալու մասին»։ Բացի այդ, այն Եվրասիական տնտեսական միության անդամ է։
«Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նա բավականին ամուր դիրքեր ունի։ Մենք շահագրգռված ենք, որ հանրապետությունում լինի կայունություն, զոհեր չլինեն»,- նշել է պաշտոնյան։
Ջաբարովը հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում էլ կմնա Ռուսաստանի դաշնակիցը, քանի որ «բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքները կունենա Հայաստանի համար, որովհետև հայերն ավելի հավատարիմ դաշնակից չունեն, քան Ռուսաստանը»։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Մայիսի 13-16-ը անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։