Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։
Նույն օրը ԱՀ նախագահը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Սիրան Ավետիսյանը սովորել է Արցախի պետական համալսարանում 2001-2006թթ.՝ իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ։
Աշխատանքային գործունեություն
2006 թվականին աշխատել է ԱՀ թիվ 11 միջնակարգ դպրոցում` որպես «Իրավունքի» ուսուցչուհի: Նույն թվականին համատեղությամբ դասախոսել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում:
2008 թվականի հուլիսի 1-ից աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2010 թվականի հունվարի 28-ից նշանակվել է ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժնի պետի պաշտոնում:
2017 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ:
Ունի դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: