Սեպտեմբերի 18-ին Արցախի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան ոլորտային խորհրդակցություններ՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների միջև։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը, որի կազմում էր ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության, ֆինանսական, հյուպատոսական և անձնակազմի կառավարման վարչությունների պետերը, գլխավորում էր ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, իսկ Արցախի ԱԳՆ պատվիրակությունը՝ Արցախի ԱԳՆ գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը։
Հայաստանի և Արցախի ԱԳՆ պատվիրակությունների կազմում ներգրավված համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանգամանալից քննարկեցին գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցության ամրապնդմանը և խորացմանն առնչվող հարցեր:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Նախարար Մայիլյանը մեծապես կարևորեց Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև նման ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն է տալիս ուրվագծելու երկու գերատեսչությունների միջև հաստատված համագործակցության առավել ընդլայնման հեռանկարները:
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահ Հարությունյանը բարձր գնահատեց Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում առկա սերտ համագործակցությունը՝ առանձնահատուկ կարևորելով նման ձևաչափով շփումների պարբերականության պահպանումը: