ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել մարտերը, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների, ասվում է կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության համաձայն.
«Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի ամբողջ երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է մարդկային կորուստների և քաղաքացիական զոհերի համար», – ասվում է մեկնաբանության մեջ:
«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների», – ասաց Դյուժարիկը:
Անտոնիո Գուտերեշը կապվելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հակամարտության գոտում վերջին սրացման հետ կապված:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: