ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններում թուրքական ռազմական ուժերն են ներգրավված:
Նյութերում արձանագրված են թուրք և ադրբեջանցի զինվորականների միջև խոսակցություններ, որոնցում ակնհայտ է Արցախի օդային տարածքում Թուրքիայի մասնակցությունն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական գործողություններին:
«Առկա են նաև ադրբեջանական կողմից ահաբեկիչների մասնակցության իրողությունը հաստատող փաստական տվյալներ, որոնք առավել քան հավաստի են դառնում ադրբեջանցի զինվորի և արաբ վարձկան ահաբեկչի միջև ռազմական գործողությունների վերաբերյալ ծավալվող զրույցի ընթացքում:
Ձեռք է բերվել նաև օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական կողմում գտնվող վարձկան ահաբեկիչների շրջանում առկա են ծայրահեղ խուճապային տրամադրություններ, որոնք փաստվում են նրանց խոսակցությունների տրամաբանությամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
«Հաջի, երդվում եմ Աստծով, մի արի: Տղերքը ոչ ինձ գիտեն, ոչ էլ իրենց: Ուղղակի մեզ հետ են, մեզ խաբել են, ամեն ինչ սուտ է: Սա պատերազմ չէ, սա մսաղաց է, մարդիկ մեռնում են, դիակները չեն կարողանում դուրս բերել»,- ասում է վարձկան ահաբեկիչը զրույցի ընթացքում:
Մեկ այլ խոսակցության մեջ նշվում է, որ 100 հոգանոց խումբ է ժամանել Ադրբեջան, բայց նրանց չեն թողնում մասնակցել պատերազմին:
«Ադրբեջանի համար մարդ չթողնես գա, և ընդհանրապես, մարդ չթողնես գա: Վիճակը շատ վատ է, մենք այստեղ անտեր ենք: Երդվում եմ Աստծով, ամեն օր 40-50 հոգի մեռնում են և վիրավորները շատ են: Բոլորը սիրիացիներ են, ադրբեջանցիներ չկան պատերազմի դաշտում: Պատերազմը սկսելուց երկու օր հետո բոլորն ուզում են վերադառնալ, մեզ զենքի ուժով ստիպում են, որ այստեղ մնանք, ստիպողաբար մեզ ուղարկում են մարտի դաշտ»,- ասում է ահաբեկիչը: