Թշնամին սպառնում է մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Շուշիից հղած իր կոչում։
«Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է: Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը…»,-նշել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1167 զինծառայողներ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին:
Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։