Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները:
Ինչպես հաղորդում է իրանական Mehr-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց խնդիրները քաղաքական ճանապարհով:
«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, եւ ոչ մի իշխանության չի թույլատրվի փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», – նշել է նա:
Հեյդարին ասել է, որ բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք բոլոր ջանքերը կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 53 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։