Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիայի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս մասին հայտնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից:
Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում, ռազմական օբյեկտների հետ մեկտեղ, հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Ալկիսիայի քաղաքային խորհուրդն իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին և իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին:
Խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին քայլեր ձեռնարկել՝ զինադադարը կայուն և ամուր դարձնելու ուղղությամբ:
«Վերահաստատում է, որ Արցախի բարդ պատմական հարցի միակ կենսունակ և կայուն լուծումը պետք է բխի ազնիվ երկխոսության և կառուցողական բանակցությունների միջոցով, և այն պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամարտահայտության վրա: Ալկիսիայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել միջազգային համագործակցության շրջանակներում ամենամյա հատկացվող միջոցներից մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասվում է բանաձևի մեջ :