Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեցի ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան 2 զոհ, 26 վիրավոր, և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 42 ծառայող։
Մի քանի հերթափոխով Արցախ է մեկնել ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացել են 26-ը, վիրավորվել 124-ը և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։
Պատերազմի ամբողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվեցին 150-ը, և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։
Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցեց Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։