Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը “Россия 1” հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության մասին հարցը։
«Հայաստանն էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ դրան հարող բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի հանրապետության տարածքի անբաժանելի մասը», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն պարտավորեցրել ներքաշվել հակամարտության մեջ։
«ՀԱՊԿ — ի պայմանագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն այդ պայմանագրի մասնակից երկրի տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում։ Հայաստանի Հանրապետության տարածք ոչ ոք չի փորձել ներխուժել, և դա մեզ ոչ մի իրավունք չի տվել ուղղակի մասնակցել մարտական գործողություններին», – պարզաբանել է ՌԴ նախագահը։
Ընդ որում, Մոսկվան ամբողջությամբ կատարել է պարտավորությունները Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, հավելել է նա:
«Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանն իրեն լքված, մոռացված չի զգացել։ Եվ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի դա չլինի», — ասել է նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։