ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային մարմիններին է ներկայացրել հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լրատվության վարչությունից։
«Ադրբեջանական գոտում հայտնված գերիների, ինչպես նաև դիակների նկատմամբ խոշտանգումների և վատ վերբերմունքի դեպքերի մասին ինֆորմացիան հավաքագրվում է, վերլուծվում է և ուղարկվում է միջազգային կազմակերպությունններին։ Գերիների մասին կարող եմ միայն նշել, որ մեզ հայտնի բոլոր դեպքերի հարցով դիմել ենք միջազգային մարմիններին»,- մանրամասնեցին գրասենյակից։
ՄԻՊ-ն արդեն սկսել է հայ գերիների և դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ 5-րդ փակ զեկույցի պատրաստման աշխատանքները:
Զեկույցում կոնկրետ ապացույցներով նշվում են բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այն ևս կուղարկեն միջազգային կառույցներին։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանական կողմը համացանցում տեսանյութեր էր տարածում, որտեղ երևում էր, թե ինչպես են խոշտանգում հայ գերիներին և անարգում զոհված զինվորների մարմինները։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: