Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել զոհերի մարմինների որոնման եւ նույնականացման աշխատանքները, հակառակ դեպքում հնարավոր են ծայրահեղ բացասական հետեւանքներ: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը։ Ըստ Մաուրերի, ԿԽՄԿ-ն զգալիորեն կավելացնի իր առաքելության կազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում, որոշում է կայացվել նաև բյուջեի ավելացման մասին. Եթե մինչև պատերազմը առաքելության բյուջեն տարածաշրջանում կազմում էր մոտ 11 մլն դոլար, ապա հաջորդ տարի այն կկազմի 49,4 մլն դոլար:
«Այսինքն՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը, ծրագրում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան», — հայտնել է Մաուրերը։ Առաքելության ամենահրատապ խնդիրներից մեկը, ըստ ԿԽՄԿ նախագահի, զոհվածների մարմինների որոնումն ու նույնականացումն է։ Այս պահին կողմերից յուրաքանչյուրը զոհերի մարմինների որոնումներն իրականացնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
«Առավել բարդ է զոհերի մարմինների որոնման աշխատանքների իրականացումը շփման գծի հատվածում, որտեղ ահեղ մարտեր են ընթացել և այդ հատվածներն ականապատված են»,- ասել է նա՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն այդ աշխատանքի համար ունի լավագույն պրակտիկան՝ այդ աշխատանքը արժանապատվությամբ կատարելու, մարմինները նույնականացնելու եւ հարազատներին փոխանցելու համար»:
Այդ աշխատանքի ձգձգումը, Մաուրերի խոսքով, հղի է «ամենատհաճ հետեւանքներով», քանի որ, երբ վրա հասնի ձմեռը, կարող են բարդություններ առաջանալ մարմինների նույնականացման հետ կապված։
1992-1994թթ. առաջին ղարաբաղյան պատերազմից հետո ԿԽՄԿ-ի ցուցակներում մինչ օրս անհայտ կորած 4500 մարդ կա, նշել է Պետեր Մաուրերը: Դրա հետ մեկտեղ ԿԽՄԿ Նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում իրավիճակը տուժածների թվով զիջում է բազմաթիվ այլ հակամարտությունների։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ անհայտ կորած է համարվում մի քանի հարյուր հայ զինծառայող, հայկական կողմից զոհերի թիվը կազմում է շուրջ 2,4 հազար մարդ: Ադրբեջանը զոհերի եւ անհայտ կորածների մասին մինչ օրս տվյալներ չի հայտնել: Նշենք, որ մարմինների փոխանակման աշխատանքներն արդեն սկսվել են՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ։