Սյունիքի մարզում են բանակային կորպուսի հրամանատարը և բանակի ներկայացուցիչները, և ամբողջ պրոցեսը ղեկավարվում է ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանների ճշգրտման գործընթացին:
«Այո, եղել են դրվագներ, երբ հաղորդակցություն է տեղի ունեցել քաղաքացիական անձանց միջև, սակայն ՏԻՄ ներկայացուցիչներն իշխանության ներկայացուցիչ են և կարող են լինել հաղորդակցության մեջ, այդտեղ տարօրինակ բան չկա»,- նշեց վարչապետը:
Նա հայտարարեց, որ Սյունիքի մարզում իրականացվելու է սահմանների ճշգրտում, այդ թվում՝ Կուբաթլուի և Զանգելանի հատվածներում: «Այդ պրոցեսը որոշակի բարդություններ ունի: Գորիսը Կապանին միացնող ճանապարհի 21 կմ-անոց հատվածը, ԽՍՀՄ ժամանակների սահմանի տրամաբանությամբ, տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և շատ կարևոր է, որ կարողանանք ապահովել այդ ճանապարհի անվտանգ գործունեությունը»,- պարզաբանեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ՀՀ սահմանները ճշգրտվում են ԽՍՀՄ-ի ժամանակներից գոյություն ունեցող քարտեզներով, իսկ GPS սարքերն օգտագործվում են այդ քարտեզների վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար: «Խոսքն այնպիսի քարտեզների մասին է, որոնք ունեն, դե յուրե, իրավական ուժ»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Փաշինյանի խոսքով՝ Կառավարության խնդիրն է՝ ՀՀ և Արցախի շուրջ կայունության ապահովումը, սակայն ռազմական գործողությունների դադարից հետո արվում են իրավիճակը ապակայունացնելու փորձեր, ինչի ուղղությամբ, ըստ վարչապետի, պետք է կոնկրետ քայլեր արվեն:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 11-12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: