Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արմավիր քաղաքում անհետ կորած զինվորների ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ բոլոր գերիներին անխտիր հետ են բերելու։
Նա տեղեկացրել է, որ առաջիկայում այլ քայլերի են դիմելու, որպեսզի որոնողական աշխատանքների արդյունքում դուրս բերվեն նաև զոհված զինվորների մարմինները։
«Ադրբեջանցիներին խնդրել ենք, որ իրենք էլ հուշեն, ասեն՝ որտեղ կան մարմիններ, որպեսզի դուրս բերենք»,- նշեց Հարությունյանը։
Տեղեկացնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ։ Նա Ջանֆիդա համայնքում մասնակցել է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառմանը։ Արցախի նախագահն այցելել է նաև Սարդարապատ և իր հարգանքի տուրքը մատուցել այդ համայնքից պատերազմում զոհվածների հիշատակին։
Հիշեցնենք, որ Արմավիրի ավագանու այսօրվա նիստում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում։
Հիշեցնենք նաև, որ «Սև հովազ» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին: Նրա որդին ևս զոհվել է։