Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի շուտափույթ մեկնարկի հարցը:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Պետությունների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի շուտափույթ մեկնարկը՝ նշելով, որ կենտրոնի գործունեությունը կծառայի երկարատև խաղաղության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ալիևը Էրդողանին տեղեկացրել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վերակառուցման աշխատանքների մասին՝ «գոհունակություն հայտնելով այդ գործընթացում թուրքական ընկերությունների ակտիվ մասնակցության համար»։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հունվարի 15-ին հայտարարել էր, որ մոնիթորինգային կենտրոնում ծառայելու են թուրքական բանակի թվով 60 զինվորական։