Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների հատուկ խմբերն իրականացնում են խաղաղապահների օբյեկտների կանխարգելիչ ախտահանում:
Զինվորական անձնակազմում կորոնավիրուսային վարակի և այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով ամեն օր իրականացվում են հատուկ միջոցառումներ:
Մինչ օրս մշակվել է ավելի քան 18 հազար քառակուսի մետր տարածք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերը: Բացի այդ, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները շարունակում են պատվաստել զինծառայողներին Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքի դիտակետերում:
Օրվա ընթացքում Մարտունու շրջանի հինգ դիտակետերում պատվաստել են շուրջ 160 զինծառայողի: «Sputnik-V»-ի ստացումից ի վեր ավելի քան 750 զինծառայող պատվաստվել է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն, նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադար:
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: