Այսօր արդիական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ապահովումն է։ Ռուսաստանն ու Իրանն անկեղծորեն շահագրգռված են, որպեսզի բոլոր կողմերը կատարեն իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են ստորագրված եռակողմ հայտարարությունում։
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը։
Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՌԴ նախագահին և Ռուսաստանի արտգործնախարարին, որոնց ջանքերի շնորհիվ վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
«Մեր ընդհանուր մտահոգությունն այն էր, որ այդ պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մեր երկրի սահմանների մոտ։ Կարծում եմ՝ կարելի է այդ հակամարտությունը վերածել մեզ համար ինչ-որ ընդհանուր նոր հնարավորության։ Հենց դրա հետ է կապված իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկը, այն է՝ մշակել այն հնարավորությունները, որոնք բխում են ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից», – ասել Է Իրանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվա է մեկնել Ադրբեջան այցից հետո։ Իրանի ԱԳ նախարարը հաջորդիվ կայցելի նաև Հայաստան, Վրաստան և Թուրքիա։