Կառավարությունը հաստատեց Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական 68 հազար դրամի օգնություն տրամադրելու կարգը։
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին կառաջարկվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել մինչև 2021 թվականի մարտի 3-ը՝ Արցախի կենսաթոշակառուների հաշվառման տվյալների բազայում առկա՝ 2021 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝ 63 տարին լրացած կենսաթոշակառուների և անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների տվյալները։
«Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կավելանան 29 376 000 հազար դրամով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ արցախահայերին աջակցելու մինչև 20 ծրագիր է իրականացվել, որոնց մի մասն ամբողջությամբ իրականացվել է, իսկ մյուս մասը դեռ ընթացքի մեջ է։ Ուղիղ ֆինանսավորմամբ 21,5 մլրդ դրամ արդեն տրամադրվել է արցախահայությանը։ Այսպիսով՝ արդեն հատկացված ու հատկացվելիք ողջ գումարը կազմում է 55 մլրդ դրամ, որից 20 մլրդ դրամը հատկացվելու է սույն նախագծին։
Վերջինիս շահառուներն արդեն մարտի 15-ից կկարողանան ստանալ գումարները։ Գումարների ստացման կարգը պարզեցված է։ Հնարավորություն կա ստանալ գումարը նաև բանկային քարտերի վրա։ Մեկ անգամ դիմում գրելուց հետո ամենամսյա գումարը կփոխանցվի մեխանիկորեն։