Շուշիի գորգերի թանգարանը երեկ՝ սեպտեմբերի 2-ին, դարձավ 10 տարեկան։ Այն ստեղծվել է Արցախի Հանրապետության 20-ամյակին։ Թանգարանի հիմնադիր-տնօրեն Վարդան Ասցատրյանն ասում է, որ Արցախի 30-ամյակին բոլորովին այլ են էմոցիաներն ու նպատակները:
Նշենք, որ Armenia Today-ն արդեն անդրադարձել էր Շուշիի գորգերի թանգարանին։
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Շուշիի գորգերի ցուցահանդեսի բացումը հնարավոր էր դարձել Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասցատրյանի ջանքերի շնորհիվ: Ճարտարապետության թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը վեց ամիս տարածք է տրամադրել արցախյան գորգարվեստը ցուցադրելու համար:
Գորգերը Շուշիից դուրս են բերվել անցյալ տարվա նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը «Ֆորդ» մակնիշի բեռնատարով: Փոխադրման ընթացքում մեքենան մի քանի անգամ կրակի տակ է հայտնվել, բայց բարեբախտաբար, հետևանքներ չի ունեցել: Ցուցահանդեսին ցուցադրվել է շուրջ 80 գորգ, ընդհանուր առմամբ, Շուշիից արտահանվել է 160 գորգ, 45 նկար և 30 կերամիկա: Դժբախտաբար, 120 գորգեր մնացել են ադրբեջանական օկուպացիայի մեջ:
Իսկ ավելի ուշ՝ հուլիսին, Հանրապետության հրապարակին կից այգում՝ Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանի մոտակայքում տեղի էր ունեցել «Գորգերն արևին տալու» արարողությունը: Armenia Today-ը նկարահանել էր Արցախից բերված մոտ 70 հայկական գորգ ու կարպետը՝ բաց երկնքի տակ փռված արևի շողերի ներքո՝ փոխանցելով այցելուներին հայկական գորգերի գեղեցկությունն ու հայ վարպետների տաղանդը։ Ցուցադրությանը կից բաց նկարչության դաս էր կազմակերպված հայկական գորգերը տեղում նկարել ցանկացողների համար։