ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թող Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու ունակությունները մեծապես նպաստեն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր պարտականությունների հաջող և արդյունավետ իրականացմանը՝ շարունակաբար ամրապնդելով ու զորացնելով հայոց պետականությունը և հայ ժողովրդին տանելով դեպի հուսալի ու պայծառ ապագա:
Համոզված ենք, որ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու, ի թիվս այլ հարցերի, նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի Հանրապետության զորացմանը և արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Նախագահ, և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»,- ընդգծել է ԱՀ նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր Վահագն Խաչատուրյանն ընտրվեց երկրորդ փուլով։ Նախագահի թեկնածու առաջադրել էր միայն իշխող ուժը․ թեկնածուն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Վահագն Խաչատուրյանն է։ Հավելենք նաև, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել, նրանք չեն մասնակցել նաև նախագահի ընտրությանը։ Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել։