Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այս մասին հայտնում են ԱՀ անվտանգության խորհրդից։
Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։
Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։
Մեկ անգամ ևս կոչ ենք անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմում ՀՀ և ԱՀ սահմանների ու բնակավայրերի ուղղությամբ։ Այսօր ԱՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Հակառակորդի արձակած կրակոցից այսօր վիրավորվել է Խրամորթի բնակիչ Սուրեն Բաղրյանը։